Մանկական ուղեղային կաթված ունեցող 3-ամյա Լիլիթի ծնողները գումար չունեն նրան անհրաժեշտ քայլակը գնելու համար:
«Ամսական ստանում ենք 30 հազար նպաստ, 21 հազար թոշակ: 30 հազարից ավելի կազմում են տան վարձն ու կոմունալները, մնացածով երեխաներին սնունդ անգամ չենք կարողանում հասցնել: Օրեր են լինում՝ հարեւաններն են մի բան բերում երեխեքի համար, որ սոված չմնան»,- NEWS.am-ին պատմեց երեխայի մայրը՝ Լիանա Սիմոնյանը:
Սիմոնյանները, Լիլիթից բացի, եւս մեկ դուստր ունեն՝ երկու տարեկան: Ընտանիքի հայրը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, անձնագիր չունի, այդ պատճառով չի կարողանում աշխատանք գտնել:
«Ուր դիմում է, անձնագիր են ուզում: Գնում, բանվորի գործ է գտնում, ասում է՝ հիվանդ երեխա ունեմ, որ գոնե պահեմ, չեն տալիս, անձնագիր են ուզում»,- ասաց Լիանան:
3-ամյա Լիլիթին նորմալ սնունդ է անհրաժեշտ, ֆիզիոթերապիա: Ֆիզիոթերապիայի կուրս անցնելու մասին մտածելն անգամ Սիմոնյանների համար այս պահին ճոխություն է թվում. երեխային քայլակ ու ակնոց է անհրաժեշտ, բայց գնել չեն կարողանում:
«Ֆիզիոթերապիան մեկ օրը 2500 դրամ է: Այն դեպքում, երբ երեխան շլդիկություն ունի, ակնոց են նշանակում, մենք դա էլ չենք կարողանում առնել: Զանգեցի խանութ, ասեցին՝ 10 հազարից է սկսում մեզ մոտ, ասեցին կապ չունի, որ երեխան թոշակավորված է»,- ասաց երեխայի մայրը:
Լիանա Սիմոնյանի հեռախոսահամարն է՝ 077 01 34 70



























