Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի գիշերը Ախալցխայի շրջանային ոստիկանության բաժնում տեղի ունեցածով հետաքրքրվել է Սամցխե-Ջավախքի շրջանային գլխավոր դատախազությունը, որը փաստի առթիվ հետաքննություն է սկսել, հաղորդում է sknews.ge-ն:

Ըստ այդմ, նշվում է, որ Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը տեղական լրատվամիջոցների նյութերի հիման վրա հետաքննություն է սկսել Ախալցխայի շրջանային ոստիկանական բաժանմունքում աշխատակազմի կողմից լիազորությունների հնարավոր գերազանցման փաստով, քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով  հարգելու Հայոց cեղասպանության զոհերի  հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում:

Հաջորդ առավոտյան Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները այցելել են հայ երիտասարդների տներ, վախեցրել նրանց, ծեծի ու ազգային պատկանելությանը վերաբերող անարգանք հնչեցրել: Վրաստանում ՀՀ դեսպան, հայտնի մարզիկ Յուրի Վարդանյանը, թեեւ խոստացել, սակայն այդպես էլ չի մեկնել Ջավախք՝ տեղում պարզելու հանգամանքները:

Հայաստանի ԱԽ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր հայտարարել է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները Ախալցխայում տեղի ունեցած միջադեպը կքննարկեն վրացի գործընկերների հետ: