«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին:

«Համախմբման» տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ: Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ:

Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, եւ որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարեւոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց եւ աշխատանքային պայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որեւէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները:

«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնությունը ներգրավելու է միջազգային փորձագետների: Ծրագիրն առավելագույնս զերծ է մնալու քաղաքական ենթատեքստերից եւ իր խնդիրն է համարում պրոֆեսիոնալ եւ շահագրգիռ շրջանակների հետ երկրի զարգացման համար իրատեսական,  արդյունավետ ծրագրերի մշակումը:

Ծրագրի շրջանակներում կոնկրետ թեմաների եւ միջոցառումների մասին առաջիկայում կտրվի ավելի մանրամասն տեղեկատվություն»: