Հայաստանում կուտակային կենսաթոշակային հաշիվների եկամտաբերությունը  մինչեւ 10 տոկոսի է հասնում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում մայիսի 10-ին հայտնել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է, որ կենսաթոշակային կուտակային 5 տոկոսի վճարները համընդհանուր ու պարտադիր կդառնան 2018-ի հոլիսի 1-ից (մեկ տարով հետաձգվում է): Պետական ոլորտում վճարները պարտադիր են դարձել 2014-ի հուլիսի 1-ից:

Հիմա համակարգում հավաքվել է 36 ու կես մլրդ դրամ (կամ ՀՆԱ-ի մոտ 0.7 տոկոսը, իսկ ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 75 մլն դոլար): Ընդ որում այստեղ ընդգրկված են ոչ միայն 5 տոկոսի վճարները, այլեւ Կառավարության կողմից նույն ծավալի համաֆինանսավորումը:

2016-ի մարտի դրությամբ կուտակային կենսաթոշակների համար վճարներ է կատարում շուրջ 143.6 մարդ, նրանցից 64. 8 հազարը՝ պետական ոլորտում ու 78.8 հազաարը՝ մասնավոր: Դեպոզիտարիայում ավելի շատ անձնական հաշիվներ կան բացած՝ 218. 4 հազար: Մասնավոր ոլորտում աշխատողների մի մասը դադարել է գումարներ փոխանցել, բայց դեպոզիտարիան նրանց հաշիվները չի փակել:

Համակարգը պարտադիր կարգով ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ին, բայց ավելի ուշ Սահմանադրական դատարանը չեղարկել է այդ որոշումը: 2014-ի հուլիսի 1-ից կուտակային վճարները շարունակեցին պարտադիր մնալ միայն պետական ոլորտի աշխատակիցների համար: Դրանից հետո մասնավոր սեկտորում աշխատողները ( մի մասը, ոչ բոլորը) դադարեցին այդ հաշիվներին գումարներ փոխանցել, բայց այդպես վարվեցին ոչ բոլորը ( մասնավորապես նշված 78.8 հազարը որոշեց մնալ համակարգում):

Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումը հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել: 2014-ի սկզբին Երեւանում բողոքի զանգվածային ցույցեր են անցել: