ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2015-ին օգնել է աշխատանքի տեղավորվել 15 հազար քաղաքացու, որոնք անմրցունակ են աշխատաշուկայում։ Այս մասին մայիսի 10-ին խորհրդարանում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ աջակցություն է ցուցաբերվում նաեւ երիտասարդներին, որոնք փորձի պակասի պատճառով դժվարանում են կայանալ շուկայում։ Թիրախային ծրագրերից մեկը աշխատավայրում եռամսյա վճարովի պրակտիկան է (թե՛ գործատուի, թե՛ աշխատակցի վճարումով)։ «Դա ընդամենը աջակցության ծրագրերից մեկն է, իսկ ընդհանուր առմամբ դրանք տասից ավել են»,- հավելել է նախարարը։