Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում առաջարկում է քաղաքի փողոցներն անվանակոչել ապրիլյան պատերազմի հերոսների անուններով:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների եւ հարեւանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երեւանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:

Նման բանավոր առաջարկ ունենք նաեւ հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարեւաններից. Արմենակը բնակվում էր Երեւանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»:

Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաեւ Երեւանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից եւ առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության»: