Ծանր վիրավորում ստացած երկու հայ զինծառայողների՝ Ռուբեն Առաքելյանի ու Արման Լազգիյանի բուժման հարցը կլուծվի նրանց արտասահման ուղարկելու օգտին: Այս մասին մայիսի 10-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը :

Նրա խոսքով, վիրավոր զինծառայողների առողջական վիճակը քնարկելուց հետո ՀՀ Առողջապահության նախարարը նշել է, որ հիմա նպատակահարմար չէ բուժման համար նրանց արտասահման ուղարկելը: «Բայց թե Հայաստանում,թե արտասահմանում՝ մասնավորապես Գերմանիայում որոշ բժիշկներ, ուսումնասիրելով փաստաթղթերը, ասել են, որ նրանց պետք է շտապ արտասահման տեղափոխել: Ծնողները բնականաբար կողմ են դրան: Բայց քանի դեռ նախարարը համաձայնություն չի տվել՝ պետական աջակցության մասին խոսք չի կարող լինել»,- նշել է Բախշյանը: Հիմա, շարունակել է նա, որոշակի գործընթացներ են ընթանում, ու նախարարը պետք է համոզվի, որ մենք կարող ենք այդ տղաներին արտասահման տեղափոխել: «Մենք ունենք նման փորձ, ի վերջո նրանց ուղղաթիռով են Երեւան տեղափոխել: Իմ կարծիքով հարցը կլուծվի տեղափոխման օգտին»,- հավելել է Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները՝ 19-ամյա Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանը, որոնք «Էրեբունի» հիվանդանոցում են, ողնաշարի 4-րդ ողի հետ կապված լուրջ վնասվածքներ ունեն ու նրանց անհրաժեշտ է շտապ բուժում արտասահմանում:

Նշենք, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողները՝ 19-ամյա Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանը, որոնք «Էրեբունի» հիվանդանոցում են, ողնաշարի 4-րդ ողի հետ կապված լուրջ վնասվածքներ ունեն ու նրանց անհրաժեշտ է շտապ բուժում արտասահմանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ «այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման»: Այս հայտարարությունն Անահիտ Բախշյանը հակադարձել էր. «Սույն հայտարարությունն անելիս գիտեի՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվորներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի հետ կապված շատ ծանր վիրավորում և ինչպես ասել է Մուրացանի հոսպիտալի պետ պարոն Ասատուրյանը՝ «որի վերականգնման ինստիտուտը Հայաստանում դեռ բարձր զարգացում չի ապրում:

Այսինքն՝ առնվազն այս երկու տղաները կարիք ունեն արտերկիր տեղափոխվելու: Այս պահին երկուսի ծնողներն էլ խորհրդակցում են արտասահմանյան տարբեր երկրների բժիշկների հետ, որոնց կարծիքով այս տղաների վիճակը կարող է փոխվել, ինչ-որ չափով վերականգնվել, եթե նրանց մեկ օր շուտ դուրս տանեն: Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից, չի սփոփում նրանց ծնողներին:

Եթե դեռ չեք այցելել, ապա գնացեք, խնդրում եմ, և տեղում տեսեք, թե ինչպես են օր-օրի հյուծվում տղաները: Ի դեպ, գնդակը Արմանի կերակրափողն էլ է վնասել ու տղան չի կարողանում ոչինչ ուտել, լուրջ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա: Ռուբենն էլ ընդհանրապես չի կարող շարժվել»: