Պետությունը քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքներ կանցկացնի, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես կարող են հետեւել իրենց կենսաթոշակային կուտակումներին: Այս մասին լրագրողներին մայիսի 10-ին ասել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով կուտակային համակարգում արդեն կան հսկողության հնարավորություններ ու քաղաքացիներին մնում է ընդամենը ճիշտ օգտվել դրանցից: Համակարգի ինտերֆեյսը հնարավորություն է տալիս միանգամից 3 ուղղություններով հետեւել հաշվի դինամիկային՝ 1-ին ՝ արդյոք գործատուները նրանց 5 տոկոսի վճարները աշխատավարձից փոխանցում են կենսաթոշակային հաշիվներին, 2-րդ ՝ արդյոք պետությունը փոխանցում է իր բաժին վճարը, ու 3-րդ ՝ ինչպես են այդ հաշիվները տնօրինում կենսաթոշակային հիմնադրամները կառավարող ընկերությունները ու ինչ եկամտաբերություն են ապահովում դրանց տերերին ( այսինքն ապագա կենսաթոշակառուներին):

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 1-ից կուտակային վճարները պարտադիր են միայն պետական ոլորտի աշխատողների համար: Իսկ մասնավոր սեկտորի համար նոր վճարները պետք է պարտադիր դառնային 2017-ի հուլիսի 1-ից: ԱԺ-ում քննարկվող օրինագիծը առաջարկում է եւս մեկ տարով հետաձգել այս ժամկետը: