Արեւմտահայերի ազգային համագումարը Փոքր Ասիայի բոլոր տանջված ու տեղահանված ժողովուրդների հետ սերտ համագործակցություն է նախաձեռնել ՝ պանթուրքական ազգայնական գործընթացի դեմ միասնական պայքարի շուրջ: Այս մասին մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արեւմտահայերի ազգային համագումարի անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Ըստ տարածված հայտարարության ՝ Արեւմտահայերի ազգային համագումարի ազգային խորհուրդը, հաշվի առնելով Թուրքիայում բնակվող քրդերի, ալեւիտների նկատմամբ բռնությունները, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական զորքերի հարձակումները, որոնք ուղեկցվում են խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային ու վայրագ գործողություններով, Անկարայի սադրիչ հայտարարությունենրը ու դրանում նրա հնարավոր մասնակցությունը, նաեւ նկատի ունենալով, որ Թուրքիայի իշխանությունները անտեսել են 2015-ի մարտի 27-28 -ին Արեւմտահայերի 4-րդ համագումարի հայտարարությունը, եզրակացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը՝ ժողովրդավարության ու խաղաղասիրության պատրվակով վարում է պանթուրքական հանցավոր քաղաքականություն, խախտում միջազգային իրավունքի նորմերը, միջամտում երրորդ երկրի ներքին գործերին ու միտված է երկրում բռնատիրական կարգերի վերականգնմանը: «Արեւմտահայերի ազգային համագումարը հայտարարում է, որ 2015-ի մարտից դադարեցրել է երկխոսությունը Անկարայի իշխանությունների հետ ՝ արեւմտահայերի իրավունքների վերկանգնման շրջանակներում: Միաժամանակ արեւմտահայերի ազգային համագումարը աշխուժացրել է աշխատանքները Թուրքիայի նկատմամբ միջազգային դատական գործ կազմակերպելու ուղղությամբ»,- շեշտված է հայտարարության մեջ:




























