Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիեւի արձանը: Այդ մասին, Ինտերնետում հաստատող լուսանկարների հայտնվելուց հետո, հայտնել է   «Ազատություն» ռադիոկայանը:

Արձանի պատվանդանին ինչ-որ մեկը գրություն է արել ադրբեջաներեն եւ անգլերեն.  «Կեցցե ստրուկների արձանը»: Արժե նշել, որ արձանը տեղադրված է մարդաշատ վայրում, շատ հաստատությունների մոտակայքում:  

Ակցիայի հեղինակների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Սակայն դատելով նրանից, որ գրությունից բացի, նաեւ անիշխանականների նշանն է հայտնվել, կարելի է ենթադրել, որ դրանում ներգրավված են վերջերս հայտնված ձախ ուժերը: Այդ մասին է վկայում այն, որ արձանի պղծման մասին առաջիններից մեկը հայտնել է  Solfront-ը (Ձախական ճակատը» Ֆեյսբուքի իր էջում:

Օրվա ընտրությունն էլ պատահական չէր: Հենց այդ օրն է ադրբեջանական վերնախավը նշում  «ժողովրդի հոր»   93-ամյակը, որն արդեն վաղուց նշվում է որպես   «ծաղիկների տոն»: Իմիջիայլոց, արձանի վրա գրառումը հենց դա է ակնարկում:

«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ նման բան կարող էր պատահել Հեյդար Ալիեւի արձանին», - գրում է Meydan TV կայքը: