Հայաստանում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը ստանալու համար պետք է 200 տարի ապրել։ Այս մասին մայիսի 10-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ այդ ավանդները պայթեցին, հասարակությունը անվստահություն է տածում ցանկացած խոշոր ֆինանսական համակարգի նկատմամբ։ Եվ կուտակային կենսաթոշակային բարեփոխումները բացառություն չեն։ Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց ՀՀ կառավարությունը դեռ բոլորի կորցրած ավանդները չի փոխհատուցել։ Դրանք ստանում են 85 տարեկանից մեծ մարդիկ։ «Այսինքն, որպեսզի կորցրած գումարը ստանաս, պետք է մինչեւ 200 տարեկան ապրես»,- ասել է Զոհրաբյանը։

Դրան ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հակաճառեց, թե պետությունը չի փոխհատուցում այդ գումարը, այլ ուղղակի օգնում է քաղաքացիներին։ ՀՀ կառավարությունը բոլոր ավանդները վերադարձնելու պարտավորություն չունի։ «Այդ գումարները ներդրել են խորհրդային արժեթղթերի մեջ։ Հիմա դրանք չկան, ինչպես չկա խորհրդային պետությունը»,- հավելեց նախարարը։