Երթուղային ավտոբուսում դրամապանակ գողանալու եւ գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու համար որոնվում է լուսանկարում պատերկաված քաղաքացին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում էՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղայինում քաղաքացու դրմապանակը գողացած եւ նրա բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքությունը:

2016 թվականի մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:05-ից 15:15-ը, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայով երթեւեկող  ավտոբուսում իր պայուսակից հափշտակել  են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, բոնուսային եւ լիցքավորման քարտեր, կանխիկ գումար: Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, գողացված քարտով Երեւանի Մ.Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս։

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է նշված բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է գողացված քարտով գումար կանխիկացրած տղամարդը: Ըստ տուժողի՝ տեսագրությունում երեւացող անձը դեպքի օրը գտնվել է նշված ավտոբուսում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: