ՀՀ կառավարությունն ուզում է օգնել Հրազդանի ցեմենտի գործարանին, այլ ոչ թե նրա նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին։ Այս մասին մայիսի 10-ին՝ խորհրդարանում  Հրազդանի ցեմենտի գործարանին արտոնություններ տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծն առաջարկում է գործարանն ազատել հարկային պարտավորությունների վճարումն ուշացնելու համար տուգանքներից  (մայր գումարը առաջվա պես պետք կլինի վերադարձնել)։ «Արտոնությունները Բաղդասարովին չեն հասցեագրված, քանի որ գործարանը նրան չի պատկանում այլեւս։ Բայց Բաղդասարովը դիտավորյալ չի գործարանն ուղղել սնանկության։ Առհասարակ դա քրեորեն պատժելի արարք է, սակայն Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» հոլդինգը նման  բան չի արել»,- ասել է նախարարը։

Միխայիլ Բաղդասարովը գործարանի բաժնեմասերը գրավ էր դրել «ՎՏԲ Հայաստան» բանկում, բայց չի կարողացել վճարել։ Գործարանի բաժնեմասերն ամբողջովին անցել են բանկին, որը կառավարում էր դրանք «Ցեմենտ սերվիս» եւ «Ցեմենտ տորգ» ընկերությունների միջոցով։

Հիշեցնենք, որ ապրիլին օրինագիծն ընդունվել է առաջին երկու ընթերցումներով, բայց 3-րդ ընթերցման ժամանակ ընդդիմությանը հաջողվել է ձախողել քվեարկությունը: Օրինագիծն առաջարկում է գործարանի 935 մլն դրամի ընդհանուր հարկային պարտքերից դուրս գրել 510.1 մլն դրամի չափով տուգանքը ( շուրջ 1 մլն 50 հազար դոլար): Գործարանն այդ պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր, ձեռներեց Միխայիլ Բաղդասարովի օրոք: Գործարանի ունեցվածքն ու բաժնետոմսերը գրավ են դրված «ՎՏԲ Արմենիա» բանկում, իսկ ձեռնարկության նկատմամբ սկսվել է սնանկ ճանաչելու դատավարություն: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության համար կարեւորությոնը, նաեւԿոտայքի մարզի համար սոցիալական կարեւորությունը՝ (գործարանը ապահովում է 470 աշխատատեղ), մեկ տարի առաջ վարչապետի ղեկավարությամբ աշխատախումբ ստեղծվեց: Կառավարությունն առաջարկում է գործարանին ազատել պարտային ծանրաբեռնվածության մի մասից, որպեսզի վերջինը կարողանա ավելացնել արտադրությունը ու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Բաղդաասարովին պետք է պատասխանատվության կանչել: