Ես կիսում եմ պաշտպանության նախարարի մտահոգությունը՝ կապված ԱԺ-ում փակ նիստի մանրամասները մամուլին հասցնելու հետ, որը նաեւ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ եմ ասել: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

«Ես չեմ ուզում տարանջատում դնել, որովհետեւ հանդիպմանը ներկա են եղել եւ՛ ՀՀԿ պատգամավորներ, եւ՛ տարբեր խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովի նախագահներ, եւ պաշտպանության հանձնաժողովի անդամները: Այնքան նեղ է եղել շրջանակները… Շատ ցավում եմ, որ ոչ միայն այնտեղի տեղեկությունն է դուրս հանվել, այլեւ պարզ ձայնագրություն են տվել, որը անթույլատրելի է պարզապես»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այդտեղից տեղեկատվությունը դուրս է գալիս, հնարավոր չէ անկեղծ խոսակցություն լինի:

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ հայտնել իր կասկածների մասին. «Չեմ ուզում որեւէ մեկի մեղքը վերցնել եւ ինչ-որ մեկին մատնացույց անել, բայց դա այնպիսի բան է, որ գաղտնիք մնացող չէ»:

Հարցին՝ ՀՀԿ պատգամավորներին չի՞ կասկածում, Բաղդասարյանն արձագանքեց. «Չեմ կարծում, բայց սա չի նշանակում, որ ես մեղքը գցում եմ մյուս պատգամավորների վրա: Համենայնդեպս երեւույթը բավականին տհաճ է, առավել եւս, որ դա վերաբերում է ԼՂ խնդրին: Կարծում եք, ես հիմա պետք է անուննե՞ր տամ, ենթադրություններ անե՞մ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ նպատակ էին հետապնդում տվյալ պատգամավորները նման քայլ անելով՝ Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ընդամենը մամուլի հետ իրենց հարաբերությունները բարձր պահելու եւ նրանց դուր գալու համար են արել, երեւի: Չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, որ հատուկ նպատակով այս ինֆորմացիան դուրս են հանել, որ հասնի մեր թշնամիներին, եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում փակ հանդիպումից հետո ԱԺ որոշ պատգամավորներ մամուլին էին փոխանցել հանդիպման մանրամասները: «Սա է մեր իրականությունը: Այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում»,- նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: