Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն եւ վերջինիս դուստրը հայտնել են ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Կարինե Ք.-ն եւ նրա դուստրը նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սեւան քաղաքում ոստիկանության աշխատակիցները հայհոյել եւ բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, ապա, իրենց կամքին հակառակ, ստիպողաբար ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան քաղաք՝ փորձաքննության ենթարկելու համար:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























