Հայաստանի անգութ հարկային համակարգը չգտես ինչու որոշեց խղճալ Միխայիլ Բաղդասարովին։ Այս մասին մայիսի 10-ին՝ խորհրդարանում Հրազդանի ցեմենտի գործարանի արտոնությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Զուրաբյանի խոսքով՝ զարմանալի է, որ սովորաբար օպերատիվ եւ անխիղճ հարկային ծառայությունները խղճում են Բաղդասարովին եւ նրանից ամեն գնով հարկեր ու տուրքեր չեն գանձում։
Դրան ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետությունը Բաղդասարովի գործողություններում հանցագործության տարր չի տեսել։ Բանկի առաջ նա չկանխամտածված կերպով պարտքեր է կուտակել եւ բանկին զիջել է գործարանը։ «Մենք հիմա ուզում ենք հարկային պարտավորությունների տուգանքները զիջել գործարանին, այլ ոչ թե նախկին սեփականատիրոջը, եւ հենց տուգանքները, այլ ոչ մայր գումարը։ Եթե մենք այդ միջոցները ձեռնարկենք, գործարանը եկամուտ կբերի եւ հարկեր կվճարի։ Եթե ոչ, գործարանը 0 դրամ կբերի, կթողնի հարյուրավոր գործազուրկների, իսկ Հայաստանի ցեմենտի արտադրության մեջ մենիշխանություն կառաջանա»,- ասել է Մինասյանը։


























