Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկում է ավելի հանդուրժող լինել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության վերաբերյալ, որն ասել էր, թե Հայաստանի նման քոսոտ երկրին չեն թողնի զենք արտադրել: «Մենք հիմա ապրում ենք մի քիչ նյարդային պահեր, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի քիչ ավելի զգացմունքային ենք, եկեք մի քիչ ավելի ներողամիտ լինենք»,- այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Շարմազանովը:
Է. Շարմազանովի խոսքով՝ ոչ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք: «Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջ կյանքը դրել է գիտության զարգացմանը, դա պետք է հարգենք: Եվ թող քար գցի առաջինը նա, ով մեղավոր չէ: Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ ունենք սխալներ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է հիմա մեր փետը վերցնենք ու ընկնենք հարգարժան ակադեմիկոսի հետեւից: Չի կարելի, պետք է հանդուրժող լինել: Համոզված եմ, որ սա մի քիչ նյարդային, էմոցիոնալ գնահատական է եղել, Ռադիկ Մարտիրոսյանին ես էությամբ ճանաչում եմ, շատ մեծ գործ է արել թե՛ հայկական պետականության ամրապնդման համար, թե՛ առհասարակ հայոց գիտության զարգացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր հետեւյալը. ««Զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք՝ մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:




























