Երեւանի բնակիչ 52-ամյա Հրաչյա Գեւորգյանը, որը մեղադրվում է նախկին կնոջն ու նրա անչափահաս երեխային առեւանգելու մեջ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյայի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ մեղադրանքի հիմքում միայն կնոջ ու նրա հարազատների ցուցմունք է դրվել, այլ ապացույցներ չկան:
«Նա ոչ առեւանգելը, ոչ պատանդ պահելը եւ ոչ էլ շորթումը չի ընդունում: Ինքն անմեղ ա, մեղադրանքի հիմքում միայն կնոջ ցուցմունք է դրվել, այլ ապացույցներ չկան: Իր նախկին կինն է, գլխին սարքել է, այդ բնակարանում միասին են ապրել, ցանակցել է Հրաչյայից ազատվել եւ նման բան է սարքել գլխին»,-ասաց նա:
Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է իր նախկին կնոջը՝ Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ:
Ըստ մեղադրականի` նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:
Ավելի ուշ Հրաչյա Գեւորգյանը է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, աներոջը՝ Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան:
Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այնտեղ նա հայտնի է «Կիկեռ» մականվամբ, արդեն 15-րդ օրն է՝ հացադուլ է անում: Նա բողոքում է իր քրեական գործից եւ առողջական վիճակից: NEWS.am-ին այսօր՝ մայիսի 10-ին ՔԿՎ-ից հայտնեցն, որ կալանավորը գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության ներքո:



























