Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 10-ին հրդեհված տանը մահացած հայտնաբերված 56-ամյա Ս.-ի մահվան մեջ մեղադրվող 23-ամյա երիտասարդը նրա հարեւանն է: NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ գյուղում բոլորը զարմացած են, որ երիտասարդը նման քայլի է գնացել:
«Խելոք, կրթված տղա էր, մի եղբայր էլ ունի, էլի լավ երեխա է: Չեմ հասկանում՝ ինչու է նման քայլի գնացել: Հայր չունեն, մոր հետ են ապրում, անապահով ընտանիքից են, Սուսաննայի հետ էլ հեռավոր ազգական են»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքից առաջ կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը՝ հարբած վիճակում։ Նախնական տվյալներով, 1993թ. ծնված երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եւ խեղդել։ Հետքերը վերացնելու համար նա այրել է անկողինն ու հեռացել:
Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկությունները ստուգելու ուղղությամբ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։



























