Քաղաքական ուժերը այս համախմբվածությունը հաշվի առնելով որոշակի ճշգրտումներ կանեն իրենց հետագա գործողությունների ընթացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցոմ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով իշխանության եւ ընդդիմության համախմբվածությամբ պայմանավորված ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
«Կարծում եմ` այս համախմբումը լուրջ դրական ազդեցություն կունենա նաեւ քաղաքական դաշտի վրա: Քաղաքական ուժերը այս համախմբվածությունը հաշվի առնելով` որոշակի ճշգրտումներ կանեն իրենց հետագա գործողությունների ընթացում»,- ասաց իշխանական պատգամավորը` հավելելով, որ չի կարելի այդ ներկայացնել համախմբվածություն իշխանության շուրջ:
Պատգամավորը դժվարացավ ասել` պատերազմական այս շրջանում արմատական ընդդիմության եւ իշխանության համախմբվածությունն ինչպես կանդրադառնա գալիք խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հնարավորությունների վրա:
«Պատերազմը բոլորի պլանները պետք է որոշակիորեն փոխեր, առաջնահերթություններ հստակեցվեին` ելնելով ստեղծված նոր քաղաքական իրավիճակից: Բայց թե ընտրություններում որ ուժն ինչ տեղ կզբաղեցնի, դա խոսակցությունների ու քաղաքական պայմանավորվածությունների մակարդակով չի իրականացվում, կգա ժամանակը, ժողովուրդը կորոշի: Ես համոզված եմ, որ տվյալ պահին ընդհանուր համախմբում տեղի ունեցավ, որը ամենաբարձր գնահատականի է արժանի, նույնիսկ միջազգային հանրությունը չէր սպասում, սա Ադրբեջանի հաշվարկներում նույնպես անականկալ էր, կարծում եմ` այս համախմբումը պետք է փայփայել ու պահպանել»:





























