Հայաստանի բուհերում ներկայացված են բոլոր սոցիալական շերտերը եւ ասել, որ բարձրագույն կրթությունը միայն ապահովված ընտանիքների մենաշնորհն է, ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքը, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, քանի որ միջին եւ բարձր խավերի ընտանիքների երեխաները բուհ են ընդունվում եւ օգտվում պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքից։

«Եթե տեսնեք, թե որքան գումար է հատկացվում անապահով ուսանողների ուսման վարձերի զեղչման համար, ապա ակնհայտ կդառնա, որ ուսանողների զգալի հատվածն անապահով ընտանիքներից է։ Կարեւոր խնդիր կա, որը պարտավոր ենք լուծել. ի վերջո, երբ մի շղթայի մեջ ենք կապում ընդունելությունը, անվճար համակարգն ու տարկետման իրավունքը, ստեղծվում է մի վիճակ, երբ նյութապես ապահով ընտանիքի երեխաներն են ավելի մեծ հնարավորություն են ունենում բուհ ընդունվելու»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, կրկնուսույցների մոտ պարապելը նյութական ապահովվածության հետ է կապված, մինչդեռ անապահով շատ ընտանիքների երեխաներ չեն կարող պատկերացնել, որ կարող են առանց լրացուցիչ պարապելու 19 կամ 20 միավորի հավակնել, եւ ընդհանրապես չեն դիմում՝ կարծելով, թե ընդունվելու են վճարովի համակարգ եւ չեն կարողանալու վճարել։

«Եթե կարողանանք սահմանել մի ձեւաչափ եւ անվճար համակարգը վերաձեւակերպել երկու բաղադրիչով՝ հաշվի առնելով սոցիալական վիճակը եւ գիտելիքը, ինչպես նաեւ տարանջատենք երեք բաղադրիչներ՝ ընդունելությունը, անվճար համակարգը եւ տարկետման իրավունքը, ապա իսկապես կկարողանանք հաղթահարել այդ խնդիրը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջիկայում փորձ կարվի լուծում տալ այդ խնդրին։

Ըստ Լեւոն Մկրտչյանի, պետք է կարողանալ ավելացնել երեխաների՝ բուհում սովորելու հնարավորությունները։ Նրանք պետք է իմանան, որ եթե իրենց գիտելիքով, ասենք, 13 միավոր ստանան, անվճար համակարգում սովորելու հնարավորություն կունենան։

«Կողմնակից եմ, որ ներդրվի այնպիսի համակարգ, որն արդարության սկզբունքով գործի. այսօր բուհ է ընդունվում մի երիտասարդ, ով կես միավորի պատճառով ընկնում է վճարովի համակարգ։ Ենթադրենք՝ կուրսում սեպտեմբերին 20 երիտասարդ կա, 16-ը գնում են զինվորական ծառայության։ Ի՞նչ հիմունքով, որովհետեւ ընդունելության քննութուններին մեկն իրեն վատ է զգացել ու կես միավոր քիչ է ստացել։ Կա՛մ բոլորը պետք է գնան բանակային ծառայություն, կա՛մ ոչ ոք չպետք է գնա, դա իմ անձնական կարծիքն է։ Եթե բակալավրում այդ խնդիրը կարողանանք կարգավորել, ապա ասպիրանտուրայում ինքնաբերաբար կկարգավորվի։ Քանի որ մեր երկրի ռազմակքաղաքական վիճակն այնպիսին է, որ իսկապես պարտավոր ենք զորակոչվողների թիվ ապահովել, պետք է պահպանվի միաձեւությունը»,- ասաց Լեւոն Մկրտչյանը, հավելելով, որ այդ թեմայով առաջիկայում քննարկումներ են լինելու։