Մայիսի սկզբից Գյումրիի տարածքում անհայտ ծագման 14 ական է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունում:
Գերատեսչության տվյալներով, ականների «ամենախոշոր խմբաքանակը»՝ միանգամից 10 ական, հայտնաբերվել է մայիսի 1-ին: Եվս 3 ական հայտնաբերվել է մայիսի 3-ին, իսկ մայիսի 10-ին՝ եւս մեկ ական: Բոլորը հայտնաբերվել են ընդհանուր օգտագործման միեւնույն վայրում՝ «Չերքեզի կիրճում»:
Բոլոր երեք դեպքերով փորձաքննություններ են նշանակվել: «Միայն փորձաքննությունների արդյունքներից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչ ականներ են դրանք»,- պարզաբանեցին ոստիկանությունում:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում 102-րդ ռազմաբազայի ինժեներական ծառայության ղեկավար Դենիս Սմերնյագինը հայտարարել էր, որ նախօրեին հայտնաբերվածն ուսումնական հակատանկային ական է եւ վտանգ չի ներկայացնում: «Ժամանակին այս տարածքում զորավարժություններ են անցկացվել: Հնարավոր է՝ ականները մնացել են այդ ժամանակներից»,- նշել է նա:
Նույն կարծիքին է նաեւ Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մարատ Սարիբեկյանը. «Մասնագետների կարծիքով, դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում»:



























