Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը. երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել: Այս մասին ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցություններին:
«Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարեւոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել»,-նշել է Քոչարյանը:
Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմն էլ նույնն է ասում, Հայաստանի ԱԳ փոխնախարարը նշել է. «Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանել կրակոցներին»:
Հարցին,թ ե ինչու պատերազմը հենց հիմա տեղի ունեցավ, Քոչարյանը պատասխանել է. «Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել»:
Նրա խոսքով, պատերազմը վտանգ է բոլորիս համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: «Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետեւում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում»,-ասել է նա:
Շավարշ Քոչարյանի խոսքով, միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն: «Այլեւս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաեւ կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա»:
Հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է դրան, նա արձագանքել է. «Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երեւանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երեւանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ն ճանաչելուն, նա ընդգծել է. «Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:




























