Հայաստանում էլեկտրականության սակագները պիտի նվազեն  3 – 3,5 դրամով (սպառողների համար` 7 տոկոսով): Այդ մասին մայիսի 11-ին խորհրդարանում հայտնել է    «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, «Հայաստանի էլեկտրացանցերը» 2015-ին 36 մլրդ դրամի պարտքեր են կուտակել: Անվճարունակության ռիսկ է առաջացել: Անմիջական պարտքերից բացի, ցանցերը 80 մլրդ դրամի վարկեր են կուտակել, որոնցից 30 մլրդը` բարձր տոկոսով եւ կարճ ժամկետով: Այդ ամենը սնանկության ռիսկեր է ստեղծել: Այժմ, ընդհակառակը, ցանցերն օգուտով են աշխատում: Դրան նպաստել են եւ բարձրացված սակագները, եւ ներքին միջոցառումները: «Այսպես, եթե հաշվի առնենք, որ 2015-ին Հայաստանում սակագինն ավելացել է կՎտ/ժ-ի համար գրեթե   7 դրամով, իսկ սպառումը կազմում է մոտ   5,5 մլրդ, ապա միայն ավելացումը լրացուցիչ  38,5 մլրդ դրամի եկամուտ է բերում, որի մաքուր շահույթը կարող է ծածկել նշված   36 մլրդ դրամ պարտքի մեծ մասը: Անհրաժեշտ է հաշվի առնել եւ այն, որ ապրիլից Ռուսաստանը  Հայաստանի հետ պայմանավորվել է հազար խմ գազը վաճառել ոչ թե 165, այլ 150 դոլարով: Հաշվի առնելով, որ ջերմաէլեկտրակայանները տալիս են Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան   30 տոկոսը, այս նվազումը նաեւ ոչ փոքր տեսակարար կշիռ կստանա սակագնում:  Վերջապես,   «Էլցանցերը» ինդուկցիոն հաշվիչները էլեկտրոնայիններով փոխարինելու ուղի են ընտրել: Երբ այդ գործընթացն ամբողջությամբ ավարտվի, ցանցի կորուստները կարող են նվազել   2 – 2,5 տոկոսային կետով: Իսկ կորուստների ամեն տոկոսը  2,5 – 3 մլրդ դրամ է անում: Ելնելով այդ ամենից, օգոստոսին կարելի է էլեկտրաէներգիայի սակագնի նվազում ակնկալել  3 – 3,5 դրամով», - նշել է Մելքումյանը:   

Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացվել էին:  Բնակչության եւ այլ բաժանորդների մեծ մասի համար սակագինը բարձրացվել էր    6,93 դրամով: Միայն ամենախոշոր սպառողների համար   (110 կՎ լարման) սակագինը բարձրացել է 4,43 դրամով: Բնակչության համար ցերեկային սակագինը բարձրացել է  16 տոկոսով` 41,85-ից մինչեւ  48,78 դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 10,2 ցենտ):