Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:

ՎԶԵԲ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման եւ փողոցային լուսավորության արդիականացման համար, եւ կհատկացվի երեք տրանշներով:

Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից:

Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը ներառում է նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային /LED/ լուսավորություն, վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում եւ վերանորոգում, ինչպես նաեւ սնուցման մալուխների փոխարինում: Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը եւ նվազագույնի կհասցնի շահագործման եւ տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը եւ կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը եւ կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը:

Գյումրին, որը գտնվում է Երեւանից դեպի հյուսիս-արեւմուտք մոտ 125 կմ հեռավորության վրա, կարեւոր տնտեսական կենտրոն է, որի առեւտրային նշանակությունը էլ ավելի կմեծանա բարելավված քաղաքային ենթակառուցվածք ունենալու շնորհիվ: Ծրագիրը կնպաստի, որպեսզի Գյումրիի 146,000 բնակիչներն ու այցելուները ավելի լավ եւ անվտանգ փողոցներ վայելեն:

Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7.3 մլն եվրո ընդհանուր գումարի համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ այլ միջազգային դոնորներից: Ներդրմանը նախորդող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվել է Ավստրիայի կառավարության կողմից տրամադրված՝ տեխնիկական համագործակցության միջոցներով:

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. «Այս կարեւոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաեւ մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»:

1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաեւ ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: