ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղերձ է հղել Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողությանը։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ,
Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի հարգելի պարոն նախագահ,
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական հանձնախմբի հարգելի տիկին նախագահ,
Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի հարգելի նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ազգային ժողովին եւ վերջինիս նախագահ պարոն Գալուստ Սահակյանին, ում ներկայացնում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Էդուարդ Շարմազանովը՝ այս ծրագրի իրականացումը խրախուսելու համար՝ այդպիսով վերահաստատելով նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական նախաձեռնություններին:
Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, վերջինիս գլխավոր քարտուղար պարոն Պասկալ Տեռասին, անձամբ Ձեզ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրար` այս երիտասարդական կառույցի ստեղծման գործում հայկական խորհրդարանին աջակցելու համար:
Երեւանում Ձեր գտնվելը վկայում է այն ողջ կարեւորությունը, որ խորհրդարանական ֆրանկոֆոնիան ցուցաբերում է Երիտասարդների խորհրդարանների ստեղծմանը, որը հանդիսանում է երկխոսության հարթակ եւ միտված է` խրախուսելու նոր սերնդի մասնակցությունը քաղաքացիական կյանքին:
Այս նախաձեռնությունը առանձնահատուկ կարեւորություն ունի:
Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծումը նախեւառաջ հօգուտ Ֆրանկոֆոնիայի Հայաստանի հանձնառության եւս մեկ վկայությունն է:
Այն նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ մեզ միավորող կապերի որակի եւ Ֆրանկոֆոնիայի հետ մեր հարաբերություններում խորհրդարանական ձեւաչափի կարեւորության ցուցանիշն է:
Ի վերջո, այն հասարակական կյանքում երիտասարդության զբաղեցրած կարեւոր դիրքի եւ նրա անսահման ներուժի արժեւորման անհրաժեշտության ապացույցն է:
Ուրախ եմ, որ այստեղ հավաքված երիտասարդները ներգրավված են այս ծրագրում: Ցանկանում եմ, որ նրանք լիովին օգտագործեն երկխոսության այս հարթակը եւ իրենց ներդրումն ունենան բաց եւ այլոց կարծիքը հարգող քննարկումներում:
Այս խորհրդարանի առաքելությունն է նպաստել խաղաղության, քաղաքացիական գիտակցության, հանդուրժողականության եւ երկխոսության ոգու տարածմանը եւ գործել հանուն ժողովրդավարության ուսուցման:
Այսպիսին եմ տեսնում այս ոգեշնչող նախաձեռնությունը, որում դուք ներգրավված եք:
Հուսով եմ, որ դուք ձեր նշանակալի ներդրումը կունենաք այսօր աշխարհին հուզող արդի կարեւոր հարցերի շուրջ ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների նախաձեռնած քննարկումներում:
Համոզված եմ, որ արժանապատվորեն կներկայացնեք հայ երիտասարդությունը ֆրանկոֆոն երիտասարդների կարեւոր հանդիպումների ժամանակ եւ կխրախուսեք Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները:
Մաղթում եմ հաջողություն ձեր աշխատանքներին:




























