Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այլեւս չի ցանկանում ներկա գտնվել գործով դատական նիստերին: Այս մասին NEWS.am-ին ասաց Մուշեղի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, որ Մխիթարն այդ մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 11-ին, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Փաստաթուղթ էր գրել, որ չի ցանկանում մասնակցել այլեւս ու չի ուզում, որ ես էլ մասնակցեմ, որ վճիռը գրված է, անարդար է: Ստիպված եղանք պարզաբանելու, որ եթե հրաժարվի, փաստաբանի ներկայությունը պարտադիր կլինի»,- ասաց Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, որ ինքը դատավորին խնդրել է առայժմ չքննել փաստաթուղթը:

Դատական նիստը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: