Եթե մարդը մոտիվացիա ունի, բանակից հետո էլ է շարունակում կրթությունը, ամեն ինչ մոտիվացիայից է կախված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ անելու՝ բուհերից տարկետման իրավունքը վերացնելու անհրաժեշտությանը:
«Ես առաջին կուրսից հետո զորակոչվել եմ բանակ, եկել շարունակել եմ կրթությունս ու հետո կրկին սովորել: Մոտիվացիայից է կախված, եթե մարդը մոտիվացիա ունի գիտության մեջ շարունակի կարիերան, էդ մոտիվացիայով հետ է գալիս բանակից ու իրականացնելու է դա: Միանաշանակ պնդել, թե տարկետման իրավունքը հանելուց հետո կոռուպցիան կվերանա կամ գիտության մեջքը կկոտրվի, վիճելի հարց է: Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը եւ նաեւ շատ կարեւոր է ուսումնասիրել Իսրայելի փորձը, որտեղ եւ ուժեղ բանակ կա, եւ ուժեղ գիտություն»,-նշեց պատգամավորը:
Նշենք, որ կառավարությունը առաջիկայում խորհրդրարան կներկայացնի «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է վերացնել տարկետման իրավունքը:
«Այս փոփոխության անհրաժեշտությունը վերջին պատերազմական դեպքերի հետ կապված է առաջացել ու էն խտրական վերաբերմունքի, որը ունենք բանակում, ինչը ըստ էության սոցիալական բեւեռացվածության հարց է»,-ասաց Մարուքյանը:



























