ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող  բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գեւորգյանների կիսակառույց տան շինարարությամբ: Սա, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:

Ծրագրի շրջանակներում համագործակցող կողմերն ունեն իրենց հստակ տեսլականը. աջակցել ընտանիքներին՝ բնակարանային պայմանները բարելավելով եւ երեխաներին նորմալ պայմաններում մեծացնելու  հնարավորություն տալով:

Դեռ օրեր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփում էին նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքները: Այսօր կրկին օգնում են հերթական բազմանդամ ընտանիքին՝ իրենց երազանքի տունը կառուցելու հարցում:

Գեւորգյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը երկար տարիներ բնակվել է երկու սենյականոց հողաշեն տնակում, առանց տարրական հարմարությունների՝ ամեն պահ աչքի առջեւ ունենալով տանիքի փլուզման վտանգը:

«Ես մեծացել եմ հողաշեն տանը եւ ամբողջ կյանքում երազել եմ  բարեկարգ տան մասին: Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի, հայրս սկսեց մեր տան շինարարությունը: Նրա մահից հետո ես այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել այն: Հիմա ինքս ընտանիք ունեմ, չորս երեխաների հայր եմ եւ, իհարկե, ուզում եմ, որ երեխաներս առողջ միջավայրում մեծանան: Ընտանիքիս եկամուտը բավարարում է առօրյա ծախսերը հոգալուն միայն: Անչափ շնորհակալ եմ երկու կազմակերպություններին՝ ընտանիքիս երազանքն իրականացնելու համար»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը:

«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա եւ՛ հաճելի է, եւ՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարեւոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է, սակայն այն փաստը, որ դեռեւս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ: Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Եթե տարիներ առաջ կարեւոր գործ ենք նախաձեռնել, ապա հարկավոր է կրկնել այն: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները: Իսկ այստեղ ապրողների համար աջակցությունն առավել եւս առաջնային է. այստեղ կա ոչ միայն գյուղացուն թեւ ու թիկունք լինելու, այլեւ հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի եւ լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՝ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար նոր օջախի ծուխն է, կյանքի նոր փուլի սկիզբը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն  աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի եւս 41-ով եւ մինչեւ տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: