Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է գրեթե 1000 զանգ։ Զանգերը գրանցվել են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։

Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով եւ խնդիրներով։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաեւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի եւ շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու եւ լուծում տալու նպատակով հավաքագրվել եւ խմբավորվել է խնդիրները։

«Beeline»-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի գործարկած թեժ գիծն արդեն մեկ տարուց ավել հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ եւ դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն: Beeline-ը հատկապես կարեւորում է նմանատիպ ծրագրերի իրագործումը, որոնք թվային եւ տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Շատ կարեւոր է երեխաների խնդիրների վերաբերյալ անմիջական տեղեկացված լինել հիմնադրամի կողմից: Թեժ գիծը ծառայում է որպես խնդիրների հավաքագրման, եւ հետագայում հիմնադրամի ծրագրերում շահերի պաշտպանության հիմք: Իհարկե շատ հատկանշական է քաղաքացիական հասարակություն եւ տեղական բիզնես համատեղ ջանքը, որն աջակցում է առավել բարեկեցիք դարձնել երեխաների կյանքը», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։