Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2016-ի հունվար-փետրվարին կրկնապատկվել է: Այդ մասին մայիսի 12-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, մակրոտնտեսության եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այժմ հարցը զգալիորեն կախված է հենց բիզնեսից: «Այժմ հսկայական հնարավորություններ կան հայ մատակարարների` ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի այլ երկրների շուկա դուրս գալու համար: Ընդ որում ես տեսնում եմ, որ հայկական մի շարք ձեռնարկություններ հավանաբար արդեն լավ օգտագործում են դա, որովհետեւ մոսկովյան բազմաթիվ խանութներում մեծ քանակությամբ Հայաստանից բերված արտադրանք կա», - նշել է Վալովայան: Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը, շարունակել է նա, այս տեսանկյունից շատ հետաքրքիր է: «Այն բանի ֆոնին, որ մոտավորապես 17 տոկոսով կրճատվել է փոխադարձ առեւտուրն ընդհանուր առմամբ, Հայաստանի առումով իրավիճակն այլ է: Օրինակ, Հայաստանից Բելառուս մատակարարումներն այս տարվա հունվարին եւ փետրվարին փաստացիորեն աճել են 45 տոկոսով, 2015-ի հունվարի եւ փետրվարի համեմատ: Ղրղզստան մատակարարումները աճել են գործնականում 4 անգամ: Ռուսաստան մատակարարումները, ինչպես արդեն ասացի, հունվար-փետրվարին կրկնապատկվել են», - ընդգծել է Տատյանա Վալովայան: Այսինքն, պարզաբանել է նա, դա այն մասին է վկայում, որ մի շարք հայկական ձեռնարկություններ արդեն հասկացել են այս շուկայի առավելությունները: «Եվ հավանաբար այժմ արժե արդեն տեղեկատվական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին, միաժամանակ հայկական ձեռնարկությունները պիտի ակտիվորեն օգտագործեն այն հնարավորությունները, որոնք կան: Պետք է մեծ ակտիվություն դրսեւորել: Միաժամանակ, եթե նրանք որեւէ խոչընդոտի բախվեն, մենք միշտ ուրախ կլինենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում», - ամփոփել է Տատյանա Վալովայան:



























