Իրանցի ուխտագնացները կարող են բաց թողել հաջը Սաուդյան Արաբիայի կողմից ուխտավորների անվտանգության շուրջ բանակցությունները սաբոտաժի ենթարկելու պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի մշակույթի եւ իսլամական ուղղվածության նախարար Ալի Ջանաթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաջի համար պայմաններ չեն ապահովվել։ Մենք բաց ենք թողել ժամանակը։ Մենք գործադրեցինք բոլոր ջանքերը, բայց Սաուդյան Արաբիան սաբոտաժի է ենթարկել դրանք»,- մեջբերում է IRNA-ն Ջանաթիի խոսքը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են վիճահարույց հարցերի շուրջ լուծում գտնելու գործընթացին։ Դրանց թվում են ուխտագնացներին վիզաներ տրամադրելը, ավիահաղորդակցության եւ ուխտագնացների անվտանգության ապահովումը։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարծում են, որ ուխտագնացները պետք է դիմեն երրորդ կողմին թագավորություն վիզա ստանալու համար։
Իրանի մշակույթի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի ղեկավարությունը մտադիր չէ իր քաղաքացիների համար ուխտագնացություն ապահովել անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ 2015-ին Մինայի հարթավայրում ուխտավորների հրմշտոցից 464 իրանցի էր մահացել։





























