Հայաստանի Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա մարտի տեղեկությունում ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումների մասին տվյալներ արդեն չեն ներկայացվում: Մնացել է միայն բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր գումարը (հետագայում՝ փոխանցումներ): Այստեղ տրամաբանություն կա: Ուղարկողի նշած փոխանցման նպատակը կարող է չհամապատասխանել իրականությանը:
Հունվար-մարտին Հայաստան կատարված փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով աճել է 0.4 մլն դոլարից քիչ պակաս (կամ 0.1%-ով): Այս աճը հիմնականում կապված է Գերմանիայից փոխանցումների կտրուկ աճի հետ՝ 18.3 մլն դոլար կամ 3.5 անգամ: Այս դրական ցուցանիշը թույլ տվեց փոխհատուցել Ռուսաստանից փոխանցումների հոսքի կրճատումը: Այստեղ, իհարկե, հարկավոր է հաշվի առնել մեկ հանգամանք. դժվար թե Գերմանիայից եւ Ռուսաստանից փոխանցումներ ստացողները միեւնույն մարդիկ են: Այնպես որ՝ Ռուսաստանից փոխանցումներ ստացողները, մեկ տարի առաջվա համեմատ, ավելի քիչ գումար են ստացել:
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից դրամական փոխանցումների գումարը կրճատվել է 12.1 մլն-ով կամ 8.1%-ով: Բայց այս տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում վերջին շրջանի իրավիճակը: Անցյալ տարին արդեն հասցրել է նշանավորվել հսկայական անկմամբ, այնպես որ՝ փոխանցումների դինամիկան դիտարկեն՝ որպես հիմք ընդունելով 2014 թվականի հունվար-մարտը:
Այս ժամանակահատվածում բոլոր երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են 147.6 մլն դոլարով կամ ավելի քան 1.5 անգամ: Այդ թվում, Ռուսաստանից փոխանցումները կրճատվել են ավելի քան 159.8 մլն դոլարով կամ գրեթե 2.2 անգամ: Միաժամանակ, ավելացել է Հայաստանից Ռուսաստան դրամի հոսքը՝ 30.6 մլն դոլաով կամ գրեթե 1.6 անգամ:
Եթե երկու տարի առաջ յուրաքանչյուր 1 դոլարի արտահոսքի դիմաց 2.3 դոլարի ներհոսք կար, ապա ընթացիկ տարում՝ արդեն 1.6 դոլար: Ռուսաստանից ներհոսք-արտահոսքում փոխանցումների դրական հաշվեկշիռը կրճատվել է 4.8 անգամ՝ 241.0 մլն դոլարից հասնելով 50.5 մլն դոլարի:
Ռուսաստանից Հայաստան հիմնականում դրամական փոխանցումներ են կատարում մեր աշխատանքային միգրանտները: Ինչ վերաբերում է դեպի Ռուսաստան դրամի արտահոսքի. այս դեպքում, պաշտոնական տվյալների բացակայության պայմաններում, կարելի է միայն ենթադրություններ անել: Այդ փոխանցումներում որոշակի մասնաբաժին ունեն ապրանքների կամ ծառայությունների համար վճարումները: Դրան գումարած՝ Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիներն իրենց եկամուտների մի մասն ուղարկում են ընտանիքներին:
Սակայն նշված փոխանցումները որոշակիորեն կայուն բնույթ ունեն: Այդ պատճառով կարելի է ուշադրություն դարձնել վերջին երկու տարվա ընթացքում դոլարի հանդեպ ռուսական ռուբլու կտրուկ թուլացման հետ կապված մեկ այլ տարբերակ: Այս պայմաններում դոլարային կապիտալ ունեցողների համար (այդ թվում՝ Հայաստանից) ավելի շահավետ է դարձել Ռուսաստանում էժանացած անշարժ գույք ձեռք բերել:
Սմբատ Գրիգորյան



























