Երեւանի Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը, երկամսյա ժամկետում պետք է ազատի իր բնակարանը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր՝ մայիսի 12-ին, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի՝ երկամսյա ժամկետում բնակարանն ազատելու որոշումը: NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանը նշեց, որ պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան եւ քաղաքացիական գործողություններ իրականացնել Local Development-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ. «Փաստորեն նախագահի վերահսկողությունը կոպեկի գին չունի եւ միգուցե Մայրապետյանին նշանակենք նախագահ: Թալանչի Մայրապետյանի դեմ քաղաքացիական ակցիաներ ենք անելու: Ես ոչ մի բանից չզարմացա, էս թալանչի երկրում դատարաններն էլ են հրահանգվող»:

Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի եւ Լալայանց 37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առջեւ է կանգնած 22 ընտանիք: