Կան շատ ավելի ծախսատար հարցեր պետության մեջ, քան հարկային ծառայության  եւ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնների կառուցումը, քան գործուղումների, ծառայողական մեքենաների, վերանորոգումների, ներկայացուցչական հարցերի ծախսերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան  Վարդանյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի ու անհարկի ծախսերը կրճատելու մասին հայտարարությանը։

«Այն  բոլոր հարցերը, որ թվարկված են վարչապետի ելույթում, դրանք մեր օրակարգում են։ Այս մարտահրավերները բխում են Սահմանադրության բարեփոխումներից, հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից, եւ Դաշնակցություն-ՀՀԿ հուշագրի դրույթներից։ Թե որքանով օպերատիվ կլինի արձագանքն ու այս աշխատանքների իրագործումը, կապրենք՝ կտեսնենք։ Ուղղությունը ճիշտ է նշել, մնում  է հետեւողակյան քայլերով իրականացնել մոնոպոլիաների եւ կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց դաշնակցական գործիչը։

Դիտարկմանը, թե մշտապես բարձրաձայնվել են կառավարության շռայլ ծախսերի՝ գործուղումների, ծառայողական մեքենաների, վերանորոգումների, ներկայացուցչական հարցերի ծախսերի մասին, բայց կառավարությունը չի կրճատել դրանք,  ինչո՞ւ այսօր հասունացավ այդ հայտարարության անհրաժեշտությունը, Վարդանյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ կարառավարությունը մշտապես արդարացրել է այդ ծախսերը: Դուք մոռանում եք, որ մենք բոլորովին այլ իրավիճակում ենք, ունեցել ենք քառօրյա պատերազմ եւ շարունակվող լարվածություն  ու յուրաքանչյուր կոպեկը մենք պիտի կարողանանք նպատակային ծախսել։ Կան նաեւ շատ ավելի ծախսատար հարցեր պետության մեջ, քան ձեր նշածը, որոնք կարող են մի փոքր ավելի ուշ լինել, օրինակ՝ երկու ուսումնական կենտրոնների կառուցումը՝ Հարկային ծառայության եւ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնները։ Ես խորապես վստահ եմ, որ մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ չպատճառաբանված ծախսումներ են կատարվում եւ կարելի է դրանք արդյունավետ անել։ Դա վերաբերում է նաեւ վարկային միջոցների արդյունավետությանը»։

Ըստ դաշնակցական պատգամավորի՝  կառավարությունն այսօր քառօրյա պատերազմից դասեր քաղելու փուլում է՝ առայժմ հայտարարությունների տեսքով. «Հիմա հայտարարում ենք, թե դասեր ենք քաղում, սա մի աստիճան է, երկրորդ աստիճանը այդ դասերը կյանքի վերածելն է»։

Նրա խոսքով՝ Հայաստանում շաքարավազի, բենզինի, բանանի մենաշնորհների դեմ պայքարը պետք է լինի օրենսդրական փոփոխություններով։ Այնպես չէ, որ վարչապետը հայտարարեց ու վաղվանից վերանալու են մենաշնորհները։

«Մենք որպես պետություն՝ արմատական փոփոխությունների գնալուց բացի այլընտրանք չունենք»,-ամփոփեց Աղվան Վարդանյանը։