«Օֆշորի» հայտնի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն այսօր՝ մայիսի 12-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, թե գործով տուժող Փայլակ Հայրապետյանը պատվիրել է, որ իրեն սպանեն, որպեսզի իր բիզնեսին տիրանա:
Որին ի պատասխան Փայլակ Հայրապետյանը դատարանում ասել է, որ Աշոտ Սուքիասյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում, նա սուտ է խոսում:
«Երբ Աֆրիկայում է եղել իրեն վտանգ է սպառնացել: Միջնորդել ենք, որպեսզի նոր վկաներ հարցաքննվեն, այդ թվում՝ բանկի աշխատակիցներին՝ կառավարչին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նշենք, որ հարցաքննությունների փուլն ավարտվեց:
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:



























