ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել Եվրոպական հեռարձակողների միությանը՝ անհամաձայնություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միության արած հայտարարության շուրջ:

«Ես եվրոպացի եմ, որի երկրի դրոշը զայրույթի, վախի, ամոթի եւ, ամենակարեւորը, անտարբերության առարկա է դարձել: Դա 2016 թվականի մայիսի 11-ի ձեր պաշտոնական հայտարարության արդյունքն է»,- նշել է Մելիքյանը:

ԼՂՀ օմբուդսմենն արցախցի ժողովրդի անունից անհամաձայնություն է հայտնել այն առնչությամբ, որ Միության հայտարարությունում ղարաբաղյան հակամարտությունը նկարագրվել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Այդպիսի նկարագրությունը, ըստ նրա, սխալ է եւ վիրավորական Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Բացի այդ, օմբուդսմենն ուշադրություն է հրավիրել 2016 թվականի ապրիլի 2-5-ի իրադարձությունների ուղղությամբ՝ կարծիք հայտնելով, որ հենց դրանք էլ, հավանաբար, մրցույթի մասնակցին մղել է բարձրացրել ԼՂՀ-ի ազգային դրոշը: Մելիքյանը նկատել է, որ այդ օրերի բոլոր իրադարձությունները ներկայացված են իր զեկույցում:

«Մենք փաստերով ներկայացրել ենք գլխատումները, որ տեղի են ունեցել Եվրոպայում, տարեցների սպանություններն ու անդամահատումները, որոնք տեղի են ունեցել Եվրոպայում, դպրոցների եւ բնակելի տների ինտենսիվ գնդակոծությունները, որոնք տեղի են ունեցել Եվրոպայում ընդամենը 40 օր առաջ: Եվ որպես պատասխանատու եվրոպացի, որը հոգ է տանում եվրոպական արժեքների մասին եւ ձգտում խաղաղության եւ ժողովրդավարության, մրցույթի մասնակիցը պարզապես խաղաղության եւ միասնականության կոչ արեց այդ բարբարոսությունների ֆոնին՝ ցուցադրելով ԼՂՀ-ի դրոշն այն մարդկանց համար, ովքեր ընդամենը 40 օր առաջ կորցրել են իրենց կյանքը մի հողում, որը մեր տունն է»,- ընդգծել է Մելիքյանը:

Օմբուդսմենը Միությանը կոչ է արել կանգնել խաղաղության եւ միասնականության կողքին, մնալ երգի մրցույթի ձեւաչափի մեջ եւ միջազգային քաղաքականության դաշտ չմտնել: