Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 10-ին 56-ամյա Սուսաննայի նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու համար բռնություն գործադրելու, այնուհետեւ խեղդամահ անելու եւ տունը հրկիզելու մեջ մեղադրվող 22-ամյա Արսեն Մ.-ի մոտ հնարավոր է՝ հոգեկան շեղումներ կան: NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ գյուղում սպանության վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում: Նրա խոսքով՝ գյուղացիները պատմում են, որ երիտասարդի «միամտության» պատճառով է հանցանքը պարզվել:
«Ասում են բարձով խեղդամահ է արել, հետո անկողինը վառել է ու գնացել իրենց տուն: Գիշերը. սակայն, գնացել է մյուս հարեւանի տուն, արթնացրել նրանց ու ասել, որ երազում իբր տեսել է, որ Սուսաննայի տունն այրվում է, պետք է գնալ ու ստուգել: Եվ այդպիսով կասկածներն ընկել են իր վրա: Արսենի մոտ էլ է հոգեկան խնդիրներ առաջացել, հիմա ոստիկանությունից ուղարկել են մասնագետի մոտ, որպեսզի պարզվի՝ արդյոք հոգեկան շեղումներ ունի, թե ոչ»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։



























