Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիներն այսօր՝ մայիսի 12-ին, կրկին փակել են Գառնի-Երևան ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում գառնեցիներից Արամը նշեց, որ  գյուղ են ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Այդ ժամանակ գյուղացիները հավաքված են եղել Գառնիի մշակույթի տան մոտ, սակայն, պաշտոնյաները չեն զրուցել գյուղացիների հետ եւ մտել են մշակույթի տուն: Կարապետ Գուլոյանն ու Արամ Հարությունյանը ցանկացել են, որ մի քանի գյուղացի ներս մտնի՝ իրենց խնդիրը ներկայացնելու, սակայն, գյուղացիները հրաժարվել՝ ասելով,  թող գան եւ բոլորի մոտ իրենց ասելիքն ասեն:

«Դուրս գալու փոխարեն թիկնապահների միջոցով մեզ պարտադրաբար ներս էին ուզում մտցնել»,-ասաց Արամը՝ նշելով, որ դրա պատճառով էլ թիկնապահների եւ գյուղացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: