Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի շինարարության՝ արդեն պատրաստի նախագիծը չեղյալ է համարվել, նոր դպրոց ունենալու հարցն անորոշ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պտղունքի գյուղապետ Կարապետ Արթենյանը:
«Արդեն հաստատված էր, որ դպրոցը պիտի կառուցվեր Ասիական բանկի ծրագրով: Ծրագիրը հաստատված էր, 20 միլիոն էլ փող ծախսեցին նախագծի վրա, ասեցին՝ գարունը բացվի, սկսում ենք, հիմա էլ ասում են՝ թանկ ա, չի լինի: Այլ միջոցների հաշվին իբր պետք է ֆինանսավորեն, Զարգացման հայկական գործակալոթյունը պետք է սարքի»,- ասաց գյուղապետը:
Կարապետ Արթենյանը նշեց, որ խոսվում է միայն տարրական դասարանների համար դպրոց կառուցելու մասին, ինչին ինքը դեմ է:
«Ո՞վ է տեսել՝ 2000 բնակչություն ունեցող գյուղում միայն տարրական դպրոց թողնեն: Այն դեպքում, երբ մեր գյուղն աճող գյուղ է»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ դպրոցը կիսախարխուլ վիճակում է: Արդեն երկար տարիներ է՝ դպրոցի նոր շենքի շինարարությունը ձգձգվում է:



























