Ռուսաստանցիները հավատում են, որ Մոսկվան կարող է օգնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, նրանք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից չեն, այլ հանդես են գալիս անկախ դիրքորոշմամբ:

Ըստ «Իզվեստիա»-ի, Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցմանը 1.600 մարդ է մասնակցել: Սոցիոլոգները ռուսաստանցիներին հացրել են, լսե՞լ են, արդյոք, Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման մասին: Պարզվելէ, որ իրադրությունը գրավել է ռուսաստանցիների շուրջ երեք քառորդի ուշադրությունը. հակամարտության վերսկսման մասին գիտի նրանց 72%-ը: Սա զգալիորեն գերազանցել է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (45%):

Ներկայում հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում ռուսաստանցիների 71%-ը (2014 թվականի 57%-ի դիմաց): Իսկ դրան չի հավատում հարցվածների 15%-ը: Ընդ որում, բացասական կանխատեսմամբ հանդես են գալիս հիմնականում Մոսկվայի եւ Սանկ Պետերբուրգի բնակիչները (20%), ինչպես նաեւ ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները (21%):

Հարցվածների 44%-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է այս հակամարտությունում միջնորդի դերում հանդես գա՝ արյունահեղությունը դադարեցնելու համար: Երկու տարի առաջ այս դիրքորոշումն ուներ ռուսաստանցիների 25%-ը: