Ապրիլյան քառօրյա պատերազմն ավելի ցայտուն դարձրեց առավելություններն ու թերությունները եւ դրական է, որ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ պատրաստակամ է տեսնել այդ թերությունները եւ լուծել դրանք: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա արած հայտարարությանը, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել մենաշնորհների դեմ պայքարի խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում:
«Ասվել է մեր հանրությանը, որ մինչ այս ստացած արդյունքները բավարար չեն եւ կառավարությունը բարձրաձայնում է, որ իրավիճակը, որը կա, մեզ բավարար չեն, անելիքներ ունենք, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվել: Այս հարցերը քառօրյա պատերազմի արդյունքում օրակարգ չեն բերվել, այլ փետրվարի 12-ին նախագահն արդեն դրա մասին խոսել էր, ուղղակի պատերազմը արագացրել է բարեփոխումների ընթացքը: Միշտ չէ, որ արդյունքները միանգամից երեւում են, երբ ցորենը ցանում ես՝ միանգամից պտուղ չի տալիս, պետք է ջրեն, արեւ լինի, սերմը պետք է փայփայեն, առաջանա պտուղ: Հիմա սերմը ցանել ենք, պետք է փայփայել, որպեսզի պտուղ տա, նաեւ ժամանակ է հարկավոր, բայց այդ ընթացքում, անհրաժեշտ է, որ տարբեր մոլախոտեր այդ սերմը չուտեն»,-ասաց նա:





























