Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը կարծում է` դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից, քանի որ փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ պաշտպանության նախարարությունն է ռազմամթերք տրամադրել իր պաշտպանյալին:

«Փաստաթուղթ կա, որ 2010թ. պաշտպանության նախարարությունը «Ճակատագիրը» գեղարվեստական ֆիլմի համար տրամադրել է անհրաժեշտ ռազմական տեխնիկա: Բացի այդ` մենք ունենք գրություն, որտեղ գրված է, որ ԼՂՀ-ի ոստիկանության կողմից Գոռ Վարդանյանին ԼՂՀ-ում դեռ 2005 թ. ֆիլմեր նկարահանելու համար տրամադրվել են տարբեր չափի փամփուշներ, ծխային նռնակներ»,- այսօր` մայիսի 13-ին, գործով դատական նիստի հետաձգվելուց հետո լրագրողներին ասաց Նաիրա Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր հերթական անգամ նիստը հետաձգվեց դատախազի բացակայության պատճառով, ինչը վրդովեցրեց մեղադրվող կողմին, նրանք դատարանից պահանջեցին ապահովել դատախազի ներկայությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից եւ ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչեւ խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: