Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառներից մեկն էլ քվեարկածների ցուցակների անհասանելի լինելն է: Այս մասին մայիսի 13-ին ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԵԱՀԿ ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով դեռ 2007-ին Սահմանադրական դաատարանում քննարկվել է այն հարցը՝ արդյոք կարելի է քվեարկածների ցուցակները տալ շահագրգիռ կողմերին՝ թեկնածուների դիտորդներին, վստահված անձերին, իրավաբաններին: «ՍԴ-ում մեզ վստահեցրեցին, որ եթե հարց է ծագում ձայների մասին՝ այսինքն թե ով է մասնակցել, ով ոչ, ապա այդ ցուցակները պետք է հասանելի լինեն բոլոր շահագիգիռ մարդկանց համար: Բայց մեզ երբեք չի հաջողվել ստանալ դրանք, նույնիսկ երբ դատարան ենք դիմել: Այսինքն իրականում այդ իրավունքն անիրագործելի է: Մենք շարունակում ենք պնդել, որ ստորագրված ցուցակների հրապարակումը կարող է վերականգնել ընտրությունների նկատմամբ վստահությունը»,- նշեց Զեյնալյանը: