Հայաստանի արտաքին առեւտրում անցյալ տարի անբարենպաստ միտումներ արձանագրվեցին, որոնք շարունակվեցին նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Հաշվետու ժամանակահատվածում մեր արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 3.8%-ով, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ՝ 13.2%-ով: Ընդ որում, Ռուսաստանի մասով անկումը կազմել է 10.4%, Ղազախստանի մասով՝ 51.2%, Բելառուսի՝ 56.1%: Ղազախստանի եւ Բելառուսի պարագայում կրճատումն ակնհայտորեն աղետալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ նրանց մասնաբաժինը:
Նախ նշենք, որ ԱՊՀ գործընկեր պետություններին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության շուրջ մեկ քառորդը (հունվար-մարտին՝ 27.7%): Սակայն գերակշռող մասը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին (նշված ժամանակահատվածում՝ 24.7%):
Եվրասիական տնտեսական միությունից գործընկեր մյուս պետությունների մասնաբաժինն այս հարցում զուտ խորհրդանշական է, եւ չի հասնում նույնիսկ 1%-ի: Հաշվետու եռամսայակում Ղազախստանի մասով այն կազմել է 0.1%, Բելառուսի մասով՝ 0.3%: Նշենք, որ Ուկրաինայի մասով այդ ցուցանիշն ավելին է եղել (2.1%), քան այդ երկու երկրներինը միասին:
Ռուսաստանից ներկրման կեսից ավելին (անցյալ տարի՝ 53%-ը) բաժին է ընկել երկու ապրանքների՝ բնական գազին եւ նավթամթերքին (հիմնականում բենզին եւ դիզվառելիք): Հանրապետության զանգվածային գազաֆիկացումը, ավտոմոբիլային պարկի զգալի աճն ուժեղացրեցին այդ ապրանքների ներկրումից կախվածությունը: Պատահական չէ, որ բնական գազը եւ նավթամթերքը ներկրվող խոշորագույն ապրանքների թվում առաջին հորիզոնականներն են զբաղեցնում:
Հայտնի է, որ Հայաստանից արտահանվող կարեւորագույն ապրանքներից մեկը կոնյակն է: Անցյալ տարի Ռուսաստան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը (այսինքն՝ կոնյակի) կրճատվել է 1.27 մլն լիտրով կամ 12%-ով: Գնային արտահայտությամբ անկումը զգալի է եղել՝ գրեթե 40%:
Բանն այն է, որ, փորձելով պահպանել ռուսական սպառողական շուկան, հայրենական արտադրողները սկսել են ապրանքները մատակարարել ցածր գնով: Արդյունքում մեկ լիտր կոնյակի միջին մաքսային գինը մեկ տարվա ընթացքում 12.6 դոլարից հասել է 8.7 դոլարի: Բայց նույնիսկ այսպիսի անկման պարագայում թունդ ալկոհոլային խմիչքներն ապահովել են դեպի Ռուսաստան մեր արտահանման մեկ երրորդը:
Սմբատ Գրիգորյան





























