Երեւանում մայիսի 12-ին վաղ առավոտյան մահացած նորածնի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են մայրաքաղաքի 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհուն, որը վարել է հղիությունը:
«9 ամիսների ընթացքում Սեդան հսկողության տակ է եղել, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, մեզ վստահեցրել են, որ առողջ երեխա է ծնվելու: Մայիսի 3-ին փոքրիկը ծնվել է «Մարգարյանի» հիվանդանոցում, պարզվեց, որ հետանցքի հետ կապված խնդիր ունի: Մեզ առաջարկեցին երեխային տեղափոխել «Ծերեթելի» մանկական հիվանդանոց, որտեղ թեթեւ վիրահատական միջամտությունից խնդիրը կլուծվի, այդպես էլ արեցինք»,- NEWS.am-ին պատմեցին ծննդկանի հարազատները:
Մայիսի 4-ին փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է՝ նորածնի ձախ երիկամը չկա, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի. «Մենք զարմացանք՝ ոնց կարող էր նման բան լինել, էսքան հետազոտություն է անցել, ո՞նց կարող է նկատած չլինեին, որ երեխան մի պոչկա ունի, սրտի խնդիր ունի: Բժիշկներն էլ, թե ինչ ասենք, դուք բերել եք, մենք էլ ասում ենք: Բժիշկ Դալլաքյանն ասաց, որ պիտի անհապաղ աղիքը վիրահատենք: Վիրահատությունը նորմալ անցավ»:
Մի քանի օր շարունակ մանկական հիվանդանոցում նորածնին բուժումներ են նշանակել, ապա տեղափոխել են «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն: Այստեղ որոշել են երեխային զոնդավորել, քանի որ հետազոտությունների արդյունքները բավարար չեն: Բժիշկները որոշել են անհապաղ սրտի վիրահատություն կատարել. երեխան վիրահատության ժամանակ մահացել էր:
«Մենք մեղադրում ենք միայն 4-րդ պոլիկլինիկայի բժիշկներին, որոնք հսկել են հղիությունը, հետազոտություններ արել՝ դոպլեր, սոնոգրաֆիա, բայց բոլորն էլ մինչեւ վերջ պնդել են, թե պտուղը որեւէ խնդիր չունի: Ո՞նց կարող է չտեսնեին խնդիրը»,- ասացին հարազատները:
Սեդա Ամոյանն առաջնեկին էր սպասում: Հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին:



























