Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում արդեն մի քանի օր է՝ իրավիճակը լարված է: Առեւտրականներ Ալվարդ Իսկանդարյանն ու Արսեն Մնացականյանը մոտ 60 համագյուղացու համոզել են իրենց համար վարկեր վերցնել եւ այսօր չեն կարողանում վարկը մարել:

«Համոզել են, խաբել, իրենց համար վարկ ենք ձեւակերպել եւ այժմ այս իրավիճակում ենք հայտնվել, իրանք էլ ասում են, թե երբ փող ունենանք, կվճարենք վարկերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Ամբողջ գյուղի պարտքն այժմ կազմում է մոտ 80 մլն դրամ: Իսկանդարյանն ու Մնացականյանը մարդկանց 15-16 տարիների ընթացքում ներքաշել են վարկային պատմությունների մեջ: Բացի դրանից, գյուղացիներից մեծ մասը երաշխավոր են:

Գյուղացիների պնդմամբ, իրենք տեղյակ չեն եղել, որ ամբողջ գյուղն է վարկեր ձեւակերպել այդ առեւտրականների համար: