ԱՊՀ միջպետական բանկը, որը ժամանակին պարտքի դիմաց ստացել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90%-ը, չի օգնի ձեռնարկության համար ներդրողներ գտնելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցչության ղեկավար Վահան Մելքոնյանը:
«2015 թվականի դեկտեմբերի 15-ին մենք փոխանցեցինք բաժնետոմսերը (Հայաստանի կառավարությանը - խմբ.): Մեզ համար այդ հարցն արդեն փակված է»,- հայտարարեց Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին պետությունը «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ լրատվամիջոցների առջեւ: 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկը «Rhinoville»-ի համար 70 մլն դոլարի վարկային գիծ բացեց, որն ընկերությունը չի փակել:
2014 թվականի հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարեց պարտքերի դիմաց նշված 90% բաժնետոմսերը վերականգնելու մասին բանկի հայցը: Բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում էր Հայաստանի կառավարությանը, իսկ 2015-ի դեկտեմբերին, բանկի հետ բանակցությունների արդյունքում, Կառավարությունը ստացավ նաեւ մյուս 90%-ը:
Համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունն անգործության է մատնված 2010 թվականի ապրիլից: Կառավարությունը ներդրողների է փնտրում, իսկ մինչեւ հունիսի 15-ը պատրաստվում է գործարանի վերագործարկման շուրջ խորհրդատվություն ստանալ ռուսական «ՌԿ Քիմկոմպոզիտ» ընկերությունից:



























