Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մանուկյանը դեպքի օրը տան անդամներին ասել է, որ ծանոթներից մեկը մահացել է եւ ընկերներով գիշերելու են նրա տանը: NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի քեռին՝ Էդմոնը, ասաց, որ իրենք չեն հավատում, որ նա ընդունակ էր նման արարքի: Նրա խոսքով, Էդգարը Ավետիսյանների ընտանիքին չի ճանաչել եւ ոչ մի կապ չի ունեցել այդ ընտանիքի հետ, բացի այդ նման արարքի գանոլւ ահմար ոչ մի բանի կարիք չի ունեցել,  ոչ էլ պատճառ. «Էդ օրը երեկոյան ութի կողմերը Հրաչյայի հետ եկան մեր տուն կոֆե խմեցին, հետո Էդգարն ասաց, որ գնում է պանիխիդա ու գիշերը մնալու է էնտեղ, Հրաչյան էլ տուն գնաց: Հրաչյայի հետ էր ընկերություն անում, ես էլ հանգիստ էի, որ ոստիկան ա, լավ մարդ է, փորձանքի չեն գա: Ես Հրաչյայից էլ նման բան չեմ սպասում, ինքն էլ շատ խելոք տղա էր, Էդգարն էլ, Հրաչն էլ ամբողջ օրը աշխատում էին: Ոնց կարար Հրաչյան նման քայլի գնար, երբ եկել մեր տուն նստած ապագայի պլաններ էր կազմում, ասում էր՝ պիտի ամուսնանա, առանց էն էլ ուշացել ա: Էդգարն էլ, Հրաչյան էլ բավականին չաղ էին, ես չեմ հասկանում՝ ինչպես են պատուհանից ներս մտել, անգամ մեր աստիճաններով էին դժվար բարձրանում»:

Իսկ Էդգարի մայրն ավելի քան համոզված է, որ իր որդին անմեղ է, նրա խոսքով՝ Էդգարն անգամ լու չէր սատկեցնի, ուր մնաց՝ դանակով ինչ-որ մեկին վնասեր. «Նա էնպիսի միջավայրում է մեծացել, որ երբեք նման քայլի չէր գնա, ես չգիտեմ, թե ինչ է կատարվել, բայց վստահ եմ, որ իմ տղան ընդունակ չէր նման բանի: Անգամ հավ էինք մորթում, չեր կարող նայել էդ պրոցեսին, ոնց կարող էր դանակահարել ինչ-որ մեկին: Էստեղ շատ մութ հարցեր կան, որոնք պետք է բացահայտվեն, իմ տղան է էս ամեն ինչից տուժելու, նրա գլխին կոտրվեց ամեն ինչը»,-լացելով պատմեց  մայրը:

Նշենք, որ Էդգար Մանուկյանին մեծացրել է քեռին, նա ապրում է իր մոր, տատիկի, պապիկի ու քեռիի հետ:

Հրաչյա Ֆալանջյանն ու Էդգար Մանուկյանը հարեւաններ են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է  տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: