Երեւանի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ ավարտվեց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության բողոքի ակցիան։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից Պռոշյան փողոցով ժամանել էին նախագահի կեցավայրի մուտքի մոտ։ Ցուցարարներին էին միացել նաեւ գերակա շահի պատճառով իրենց տներից զրկված մի քանի անձինք։
Ակցիայի ամսնակիցները պնդում էին, որ ցանկանում են մոտենալ կեցավայրի մուտքին եւ փոխանցել իրենց պահանջները, սակայն ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ թույլ չտվեցին նրանց։ Օսիպյանը նաեւ հրաժարվեց նամակը փոխանցել՝ նշելով, որ իր գործառույթը միայն հասարակական կարգի պահպանությունն է։
Ի վերջո, ակցիայի մասնակիցները կոչերից եւ կարգախոսներից այն կողմ չանցան, դժգոհեցին, որ նախագահականից չեն արձագանքում իրենց պահանջներին, դժգոհեցին, որ քիչ են մարդիկ մասնակցում ակցիային, եւ որոշեցին հեռանալ։ Հաջորդ ակցիայի մասին լրացուցիչ կհայտնեն։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները մի շարք պահանջներ էին առաջադրել՝
1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաեւ վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության եւ իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:
3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։
5. Պահանջում են ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջումները եւ խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:
.jpg)

































